National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.02.2023
Գիրք նվիրելու տոնին ընդառաջ խորհրդարանը հյուրընկալել է ընթերցասերների
1 / 12

Գրքերը մարդկանց գեղեցկացնում են: Գիրք կարդալուց բացի, գիրք կարդալու նկատմամբ սերը փոխանցեք, վարակիչ օրինակ դարձեք: Գիրքը մեկ օրվա համար չէ, նրա իմաստնությունն ամբողջ կյանքի համար է. ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` Ավետիք Իսահակյանի եւ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանների 2022 թվականին լավագույն ընթերցողներ ճանաչված ընթերցասերների հետ հանդիպման ընթացքում:

2008 թվականից Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, ՀՀ կառավարության որոշմամբ եւ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի նախաձեռնությամբ նշվում է Գիրք նվիրելու օրը:

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ կազմակերպված միջոցառմանն ընթերցողների հետ խորհրդարանի գրադարանում հանդիպել են նաեւ Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը, Լեւոն Անանյանի որդին` Արամ Անանյանն ու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը:

Թումանյանագետ Անի Եղիազարյանը, «Գրքապտույտ» նախագծի հիմնադիր Արամ Անանյանն ընթերցասերների հետ զրուցել են բազմախորհուրդ գիրք նվիրելու տոնի, Թումանյանի մասին:

2022 թվականին «Վերնատուն» հրատարակչությունը լույս է ընծայել Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը. գրքի խմբագիր, գրականագետ Թագուհի Ղազարյանը ընթերցողներին տեղեկացրել է, որ վեպն առաջին անգամ է լույս տեսնում գրողի խմբագրած վերջին տարբերակով եւ նախորդ հրատարակությունների քննությամբ:

Լավագույն ընթերցասերներին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նվիրել է գրքեր եւ Հովհաննես Թումանյանի քառյակներով էջանշաններ:

Գրքի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում ներկայացվել է ԱԺ գրադարանում պահվող «Ընծայագրիր գրքեր» վերտառությամբ գրքերի ցուցահանդեսը:

Ընթերցասերների համար կազմակերպվել է ճանաչողական այց Ազգային ժողովի շենքում:

Գիրք նվիրելու օրվա կապակցութամբ խորհրդարանի նիստերի դահլիճի հարակից տարածքում ձեռքի աշխատանքներով եւ կատարողական արվեստով զբաղվող «Կծիկ» թիմի անդամները ներկայացրել են «Մերոնք» շարքը. աշխատանքների հեղինակներն են Տաթեւ Ծատուրյանն ու Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի շրջանավարտ Նանե Հելհելյանը: Համառոտ ներկայացնելով գրքային քանդակների մտահղացման մասին` Նանեն նշել է, որ գաղափարը ծնվել է դեռեւս յոթ տարի առաջ` հնամաշ ու որպես մակուլատուրա դարձած գրքերին երկրորդ կյանք տալու, վերօգտագործելու մտքով: «Առաջնային հարցը, որ առաջանում է մարդկանց մոտ գրքերը տեսնելուց հետո, արդյո՞ք դրանք չեն վնասվում, վստահորեն կասեմ` ո՛չ: Պատկերները ստեղծվում են ծալելու տեխնիկայի միջոցով, որի արդյունքում գրքի ընթեռնելի հատվածները մնում են անվրեպ, եւ ցանկացած պահի արդեն ինտերիեր-դեկոր դարձած այս քանդակները կարող են վերընթերցվել»,- մանրամասնել է Նանեն: Յոթ տարիների ընթացքում 700 եւ ավելի գրքեր պատվիրվել են աշխարհի տարբեր անկյուններից, մասնավորապես, Ամերիկայից, Ռուսաստանից, Իտալիայից: Ըստ հեղինակի` աշխարհում այս արվեստով զբաղվողների մեջ «Կծիկն» առաջատարներից է թե՛ տեխնիկայով, թե՛ գործերի բարդությամբ, թե՛ ստեղծված աշխատանքների քանակով, եւ այս ամենը սկիզբ է առել Հայաստանից:

Ազգային ժողովում ցուցադրված «Մերոնք» շարքում ներկայացված են հայ ժողովրդի 31 մեծանուն հայերի դիմաքանդակները: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am